Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թեև Սարի թաղում «բարձր մակարդակով» աղբահանություն է իրականցվում, բայց կուտակված ձմեռվա աղբը գարնանը կթափվի

Թեև Սարի թաղում «բարձր մակարդակով» աղբահանություն է իրականցվում, բայց կուտակված ձմեռվա աղբը գարնանը կթափվի
28.12.2013 | 20:32

Ամբողջ ամառ սարիթաղցիները, հերիք չէ, շոգից նեխած աղբի դարդից էին սրտնեղում, այժմ էլ, աչքները աղբատար մեքենայի ճամփին, այս սառնամանիքին անընդհատ դուրս ու ներս անելով` սպասում են, թե երբ կբարեհաճի այն ժամանել, որպեսզի ազատվեն կուտակված աղբից ու թափոններից: Եթե ամռան ընթացքում շաբաթը մեկ-երկու անգամ էր թաղում աղբահանություն կատարվում, ապա ձմռան սեզոնին` ամիսը մեկ անգամ: Այսօր թաղի բնակիչների անունից հետևյալ հարցն ուղղեցի Էրեբունի վարչական շրջանի կոմունալ կենսապահովման և բարեկարգման բաժնի պետ Էդուարդ Ենոքյանին. «Պարոն Ենոքյան, հնարավո՞ր է աղբատար մեքենայի տեսքով ամանորյա նվեր անեիք Սարի թաղին, որպեսզի մարդիկ «մաքուր» դիմավորեն Նոր տարին»: Պարոն Ենոքյանը, հարցից անակնկալի եկած, նախ փորձեց արդարանալ` հասկացնելով, որ աղբահանությունը կոմունալ բաժնի գործառույթների մեջ չի մտնում, և եթե ինչ-որ բան այն չէ, ապա պետք է դիմել համայնքում գործող աղբահանություն կատարող կազմակերպությանը: Մեր հաջորդ հարցին, թե` մի՞թե Ձեր իրավասությունների մեջ չեն մտնում աղբահանությանն առնչվող հարցերը, և արդյոք վերահսկողություն չեք իրականացնում այդ կազմակերպության վրա, ասաց, որ մտնում է, բայց նրանց հետ պետք է խոսել: Բացի այդ, նա նաև պնդեց, որ թաղում կանոնավոր աղբահանություն է կատարվում և փողոցներում տեղադրված աղբամաններն ուղղակի «փայլ են տալիս»: Հակադարձեցինք, բացատրելով, որ «փայլ տվող» աղբամանները դրված են հատուկենտ փողոցներում, այսինքն` Սարի թաղի «կենտրոններում» և ստացվում է, որ աղբահանության համար բոլորը հավասար վճարում են, այնինչ պետք է վճարեն միայն այն բնակիչները, ովքեր օգտվում են աղբարկղերից, իսկ նրանց համար, ովքեր աղբը չեն նետում աղբարկղ և աղբատար ավտոմեքենաների հույսին են մնում, ճիշտը չվճարելն է: Ասաց` այո, չպետք է վճարեն. Ավելի զարմացա...Ինչևէ, զանգահարեցինք Էդուարդ Ենոքյանի մատնանշած աղբահանություն իրականացնող կազմակերպություն: Ներկայացրեցինք խնդիրը: Կազմակերպության տնօրեն Արտակ Այվազյանը ներողություն խնդրեց ժամանակին աղբահանություն չկատարելու համար և դա կապեց եղանակի և սառած ճանապարհների հետ: «Դե, հասկանո՞ւմ եք, գետինը սառած է, դիք է, դարուփոս է, մեքենաները նորմալ չեն աշխատում...վտանգավոր է հիմա, այս եղանակին...»: «Հիմա ձմեռ է, հասկանալի է, բա ամռա՞նը»,-ասացի: «Ի՜նչ եք ասում, ամռանը Սարի թաղում բարձր մակարդակով աղբահանություն է լինում, չի կարելի մի քանի մարդու ասածը հիմք ընդունել, մի հատ գնացեք ինքներդ տեսեք, ինչ աշխատանք է տարվում»:
«Այդ աշխատանքն ամեն օր ենք տեսնում, պարոն Այվազյան, խնդրում եմ իմ մեկ հարցին պատասխանել` մինչև Նոր տարին աղբահանություն կկատարվի, թե՞ ոչ»:«Մենք սպասում ենք: Հենց ճանապարհները մի-փոքր նորմալանան, տեխնիկա կուղարկենք բոլոր փողոցները»,-ասաց նա:
Այսինքն, եթե նկատի ունենանք, որ ձմռան ավարտին դեռ երկու ամիս կա և հավանականությունը շատ փոքր է, որ մոտ ժամանակներում սառույցը կհալչի, ուրեմն մնում է զինվել համբերությամբ և սպասել մինչև գարուն:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ